ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Այս աշխարհում խաղաղություն չի նվիրում ոչ ոք

Այս աշխարհում խաղաղություն չի նվիրում ոչ ոք
23.11.2025 | 16:05

ՈՒկրաինան 1994-ին աշխարհին ցույց տվեց ազնվության, միամտության ամենաբարձր չափանիշը․ սեփական կամքով հրաժարվեց միջուկային զենքից, որովհետև հավատում էր, որ մեծ տերությունների խոստումները կարող են փոխարինել սեփական ուժին։ Հավատում էր, որ ստորագրված փաստաթուղթը ավելի հզոր է, քան բանակը, և որ խաղաղությունը կարելի է պահել վստահությամբ, ոչ թե պարտադրող ուժով։ Բայց երբ կրակը հասավ իր դռանը, այդ խոստումները գոլորշիացան։ Իսկ Ուկրաինան այսօր արյամբ վճարում է այն հավատալիքի համար, որ ուրիշները կպաշտպանեն իրեն։

Այս պատմությունը ցավոտ նմանությամբ շունչ է քաշում նաև մեր իրականության մեջ։

Մենք էլ հավատացինք, որ ուրիշի բանակը կպահի մեր սահմանները։

Հավատացինք, որ դարերով անփոփոխ «եղբայրությունը» կփրկի մեզ ամեն վայրկյան։

Հավատացինք, որ միջազգային ասպարեզում ինչ-որ մեկը պարտավոր է մեզ համար զոհվել։

Եվ այդ հավատը մեզ տարավ դեպի Արցախի կորուստ, դեպի ազգային ողբերգություն, որտեղ անպատրաստ կանգնեցինք դիմացը մի ուժի, որին ոչ ոք չփորձեց կանգնեցնել։

Հիմա մեզ ասում են, թե «խաղաղության պայմանագիր» է սպասվում։ Գեղեցիկ բառ է՝ խաղաղություն։ Բայց առանց ուժի, առանց սեփական պաշտպանական կառույցի, առանց անվտանգային ինքնիշխանության, յուրաքանչյուր խաղաղություն դառնում է բարակ թուղթ՝ մի ստորագրություն, որը կարող է խցանվել հենց առաջին քամու հարվածից։

Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը խաղաղության ժեստ չի անում։ Նրա բոլոր քայլերը ուղղված են կոշտ քաղաքական ճնշման միջոցով Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնելուն, ոչ թե խաղաղություն կառուցելուն։ Եվ եթե այդ պայմանագիրը դառնա հերթական «Բուդապեշտի հուշագիր», եթե մենք նորից հույս կապենք Ռուսաստանի, Արևմուտքի կամ որևէ այլ մեծ տերության խոստումներին, ապա մեզ սպասում է նույն ճակատագիրը՝ նոր կորուստներ, նոր պարտադրանքներ, նոր անզորություն։ Կարճ ասած, մեր որդիներն են իրենց արյամբ ու կյանքով վճարելու մեր ճակատագրական սխալների համար:

Ցավոտ դասը պարզ է․ ո՛չ Հայաստանը (Արցախը ներառյալ), ո՛չ մի փոքր ժողովուրդ չի կարող ապավինել ուրիշների անվտանգության երաշխիքներին։

Զորեղ տերությունները օգնում են այնքան, որքան ծառայում է իրենց շահին։ Ոչ ավել, ոչ պակաս։

Ուկրաինան այսօր վճարում է իր վստահության գինը։

Մենք արդեն վճարեցինք Արցախի գինը։

Եվ եթե հիմա էլ չհասկանանք, որ հայկական անվտանգությունն ու խաղաղությունը հնարավոր է միայն սեփական ուժով, սեփական բանակով, սեփական կամքով ու ոչ մեկի ողորմածությամբ, ապա վաղը վճարելու ենք դրանից էլ ավելի դառը գին։

Այս աշխարհում խաղաղություն չի նվիրում ոչ ոք։

Խաղաղությունը կառուցում է այն ժողովուրդը, որը պատրաստ է իր երկիրը պահել ինքնուրույն, ոչ թե ուրիշի հաշվարկներով։

Ուկրաինան մեզ այդ մասին վերջին նախազգուշացումն է։

Արցախը՝ մեր սեփական նախազգուշացումը։

Հիմա ընտրությունը մերն է՝ կրկնե՞լ այդ դառնությունը, թե՞ արժանապատվորեն կանգնել մեր երկրի անվտանգության կողքին։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ